Թվեր եվ փաստեր PDF Печать


Հարգելի այցելու,
Բոլորիս քաջ հայտնի է, որ ծխախոտի օգտագործումն ու ծխախոտի ծխի ներգործությունը հիվանդության, մահվան, և հաշմանդամության պատճառներից են: Տարբեր ճանապարհներով, մեզանից յուրաքանչյուրը պարբերաբար լսում և տեղեկանում է ողջ աշխարհում և հատկապես զարգացող երկրներում ծխախոտային արտադրատեսակների արտադրանքի աճի և օգտագործման ծավալների մեծացման, ծխախոտի ծխի վնասակարության մասին:

«Առանց ծխախոտի» ծրագրի նախաձեռնող խումբն ավելորդ չի համարում ևս մեկ անգամ, համակարգված ձևով, Ձեզ ներկայացնելու ծխախոտի օգտագործման, ծխախոտի ծխի վնասակարության վերաբերյալ հանրահայտ և գիտականորեն ապացուցված թվեր և փաստեր, որոնք կարծում ենք, որ լուրջ մտահոգության առարկա են հանդիսանում:


Եթե յուրաքանչյուր ծխող գիտակցեր այն վնասը, որը հասցնում է
իր առողջությանը ծխախոտը, ապա կշարունակեին ծխել միայն խենթերը:



Աշխարհում մոտավորապես 1,1 միլիարդ մարդ ծխող է: Սպասվում է , որ մինչև 2025 թվականը այդ թիվը կհասնի ավելի քան 1,6 միլիարդի:

Ըստ առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների ամեն 6.5 վայրկյան ինչ-որ մեկը մահանում է ծխախոտի օգտագործումից:

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ծխողների մեծ մասը սկսում են ծխել մոտ 20 տարեկանում, սակայն այդ տարիքը գնալով փոքրանում է: Ակնհայտ է, որ շատ ծխողներ ամբողջովին չեն գիտակցում հիվանդության և վաղաժամ մահվան վտանգի աստիճանը, որին հանգեցնում է հենց իրենց ընտրությունը:

Ծխախոտարդյունաբերության գնահատմամբ ամբողջ աշխարհում 33 մլն մարդ զբաղված է ծխախոտ աճեցնելով: Այս թվից մոտավորապես 15 մլն-ը աշխատում է Չինաստանում, ևս 3.5 մլն-ը` Հնդկաստանում:

Ըստ համապատասխան ուսումնասիրությունների Դանիայում ծխում են 11 – 14 տարեկան տղաների 80%-ը և աղջիկների ավելի քան 50%-ը: Անգլիայում 11 տարեկան հասակում ծխում է տղաների 16%-ը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 1 026 640 000 հատ սիգարետ, սիգար և սիգարիլլա:

Ենթադրվում է, որ եկող տարվա ընթացքում ծխախոտը կսպանի մոտավորապես 4 մլն մարդ ամբողջ աշխարհում:

Արդեն իսկ 10 չափահասից մեկի մահվան պատճառը ծխախոտն է: Եթե ներկայիս միտումը շարունակվի, ապա մեր օրերում ապրող մոտ 500 մլն մարդ ի վերջո կդառնա ծխախոտի զոհ, ընդ որում նրանցից կեսը միջին` ծաղկուն տարիքում` կյանքից կորցնելով 20-25 տարի:

Ծխախոտը և ծխախոտի ծուխը պարունակում են մոտ 4000 քիմիական միացություններ:

Այն մարդու մոտ, ով օրեկան ծխում է 10 ծխախոտ, օրգանիզմում 1-2 տարվա ընթացքում կուտակվում է վնասակար նյութերի մոտ 2 կգ., 10 տարի ծխելուց հետո` 4 կգ, 20 տարվա ընթացքում` մոտ 6 կգ:

Ըստ վիճակագրության տվյալների՝ թոքերի քաղցկեղով հիվանդության 85 %-ի պատճառը հենց ծխելն է:

20% ծխողները հիվանդանում են և մահանում չարորակ ուռուցքից:

Քրոնիկ բրոնխիտը ծխողների մոտ հաշվառվում է 5-7 անգամ ավելի հաճախ, քան չծխողների մոտ:

Ծխողների մոտ ինֆարկտը դիտարկվում է 2-8 անգամ ավելի հաճախ, քան չծխողների մոտ:

Ավստրալիացի գիտնականները պարզել են, որ վիտամին C-ն վտանգավոր է ծխողների համար, քանի որ ծխող մարդու օրգանիզմում այլ վնասակար նյութերի հետ միասին ներթափանցում է կադմիում ծանր մետաղը, որը անվնաս C վիտամինի հետ փոխազդելիս կարող է առաջացնել քաղցկեղ:

Մշտական ծխողների 98%-ը, որոնք փորձել են թողնել այն առանց կողմնակի օգնության, 1 տարվա ընթացքում վերսկսել են ծխելը:

Ծխելու վնասի մասին հետազոտությունների մեծամասնությունը ֆինանսավորվում է հենց ծխախոտային ընկերությունների կողմից. նրանք այդ հետազոտությունների վրա ծախսում ոչ քիչ, քան գովազդի վրա, բայց մարդու վրա ծխախոտի ազդեցությունից ստացված վնասների հետազոտությունների արդյունքները մեծ մասամբ թաքցվում են:



Անվնաս ծխախոտ չի լինում, թողե'ք ծխելը հենց հիմա, մի' մտածեք ոչ մի վայրկյան և Ձեր օրգանիզմը Ձեզ կպատասխանի բոլոր օրգանների նորմալ աշխատանքով: